Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Ի հիշատակ պրոֆեսոր Արտավազդ Սահակյանի

Ի հիշատակ պրոֆեսոր Արտավազդ Սահակյանի

Հեղինակ` դոցենտ Գևորգ Յաղջյան

 

Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, Հայաստանի ժամանակակից վերականգնողական վիրաբուժության հիմնադիր

 

Հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանի կյանքը՝ ուսուցչի, բժշկի և գիտնականի, որի անունը անմահացավ հայկական և համաշխարհային վիրաբուժության պատմության մեջ: Նրա ուղին պարզապես մասնագիտական կարիերա չէր, այլ ծառայություն՝ մարդկանց, գիտությանը և ապագա բժիշկների սերունդներին:

 

1953 թվականին Կողբ գյուղում ծնված Արտավազդ Սահակյանը վաղ տարիքից առանձնացել է իր նպատակասլացությամբ և արտակարգ ունակություններով: Դպրոցն ավարտելով ոսկե մեդալով՝ նա ընդունվել և 1975 թվականին ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը: Այդ ժամանակից ի վեր նկատելի էր, որ բժշկության մեջ կկանգնի բացառիկ կարգապահությամբ և բարձր մասնագիտական կոչումով անձ:

 

Նրա բժիշկական ուղու առաջին տարիները նվիրաբերվել են ընդհանուր վիրաբուժությանը: 1976-1982 թ.թ., աշխատելով Դնեպրոպետրովսկում (ՌԴ), նա ձեռք է բերել եզակի կլինիկական փորձ՝ կատարելով բարդագույն վիրահատություններ` հաճախ իր վրա կրելով շրջանի վիրաբուժական օգնության ամբողջ պատասխանատվությունը: Այդ տարիներն էլ ձևավորել են նրա` որպես ինքնուրույն ու քաջ վիրաբույժ, անհատականությունը:

 

Վերադառնալով Հայաստան, Արտավազդ Սահակյանն իր ճակատագիրը կապեց պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության հետ, բժշկական ուղղություն, որն այն ժամանակ նոր սկսել էր ձևավորվել: Կլինիկական օրդինատուրան անցնելով Միքաելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ՝ նա երկրում դարձավ միկրո-անոթային վիրաբուժության առաջատարներից մեկը:

 

1980-ականների կեսերին պրոֆեսոր Սահակյանը կատարել է պատմական վիրահատություններ: Հայաստանում առաջին միկրովիրաբուժական տրանսպլանտացիան (ոտքի մատի փոխպատվաստում` ձեռքի մեծ մատը վերականգնելու համար), նոր դարաշրջանի սկիզբ դրեց հայրենական վիրաբուժության մեջ: Այնուհետև հաջորդեցին տասնյակ ամենաբարդ վերականգնողական միջամտություններ, որոնք հիվանդներին վերադարձնում էին կորցրած հենաշարժիչ գործառույթները, ուստիև` արժանապատվությունն ու հույսը:

 

1985 թ. Ա. Սահակյանը նշանակվել է Խորհրդային Հայաստանի առողջապահության նախարարության միկրովիրաբուժության գլխավոր մասնագետ և ղեկավարել միկրովիրաբուժության կենտրոնը: 1996 թ. հիմնադրել է պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնը` ԵՊԲՀ №1 համալսարանական կլինիկայում: Այսպես է ձևավորվել նրա դպրոցը՝ Ուսուցչի դպրոցը, որտեղ վիրաբուժությունը ո՛չ միայն տեխնիկա էր, այլև` էթիկա, պատասխանատվություն և մարդու հանդեպ հարգանք:

 

Պրոֆեսոր Սահակյանը պրակտիկ ուսումնառություններ է անցել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում` միջազգային կոնգրեսներում և կոնֆերանսներում ակտիվորեն ներկայացնելով հայկական վիրաբուժության ձեռքբերումները:

 

Նա համաշխարհային մասնագիտական հանրության մեջ ճանաչված հեղինակություն և հարգված գործընկեր էր:

 

Պատերազմների և ազգային փորձությունների տարիներին Ա. Սահակյանի կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել նրա կողմից մատուցած հայրենանվեր ծառայությունը: Նա կամավոր օգնություն է ցուցաբերել վիրավորներին ու տուժածներին՝ բժշկական պարտքը կատարելիս աշխատելով անձնական քաջություն պահանջող պայմաններում: Նրա կլինիկան դարձել է հարյուրավոր ծանր վնասվածքներ և այրվածքներ ստացած մարդկանց փրկատեղի:

 

Արտավազդ Սահակյանն իր կյանքի ընթացքում կատարել է մոտավորապես 50,000 վիրահատություն, հրապարակել ավելի քան 200 գիտական աշխատանք, հեղինակել 7 գյուտ և պատրաստել բազմաթիվ վիրաբույժների սերունդներ: Իր աշակերտների համար նա հավերժ կմնա Ուսուցիչ՝ խիստ, արդար, գիտելիքներով և մարդկային ջերմությամբ հարուստ:

 

Նրա ծառայությունները գնահատվել են բազմաթիվ պետական և մասնագիտական մրցանակներով: 1995-1999 թ.թ. նա նաև ծառայել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի պաշտոնում` շարունակելով համատեղել բժշկական պրակտիկան և հասարակական պատասխանատվությունը:

 

Այսօր երախտագիտությամբ ենք խոնարհվում Արտավազդ Սահակյանի հիշատակին,  որի կյանքը, իրավամբ, այրվելով լուսավորող բժշկի օրինակ է:

 

Ստորև Արտավազդ Սահակյանի հետ հարցազրույցի հղում է.

https://www.med-practic.com/arm/610/27822/article.more.html 

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ